Ս.թ. նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստի, որի օրակարգում եղել է ՏԻՄ տեղեկատվայնացման և տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգի ներկայացումն ու քննարկումը:
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Կորյուն Առաքելյանը: Հայեցակարգի վերաբերյալ զեկուկցով հանդես է եկել "Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն" ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը: Զեկույցով հանդես են եկել նաև Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գլխավոր մասնագետ Կարինե Եսայանը, ինչպես նաև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը: Նիստին մասնակցել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի մի քանի տասնյակ անդամներ ոչ միայն Երևանից, այլև հանրապետության տարբեր մարզերից: Ինչպես նշել է Կորյուն Առաքելյանը, հարցը կարևոր է, քանի որ քաղաքացիական հասարակության կայացումն ու բաց հասարակության խնդիրների իրագործումն անհնարին է առանց տեղեկատվության ազատության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման: Նա կարևորել է ՏԻՄ-երի գործունեությունը ողջ հանրության համար հասանելի դարձնելու հնարավորությունը, բաց և թափանցիկ աշխատելաոճը: Նրա խոսքով` պետք է բարձրացնել համայնքի ավագանու դերը և ավելացնել ազդեցությունը համայնքային ղեկավարության որոշումների կայացման վրա: Գրիշա Խաչատրյանն իր զեկույցում ներկայացրել է հայեցակարգում ամրագրված հիմնական նպատակները` բարձրացնել կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու որակը, բարելավել հաշվետվողականությունը, ապահովել աշխատանքների և գործունեության թափանցիկությունը, խրախուսել բնակչության ակտիվ մասնակցությունը համայնքների կառավարման գործընթացին: ՏԻՄ-երի տեղեկատվայնացումն ու տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը, ըստ նրա, առավել արդիական և արդյունավետ ուղիներից է: Խաչատրյանը վիճակագրական տվյալների միջոցով հետաքրքիր համեմատական փաստեր է ներկայացրել ոլորտի նախկին և ներկա իրավիճակի վերաբերյալ. տարբերությունը հսկայական է: Օրինակ, 1999 թվականին բոլոր համայնքապետարաններում ընդամենը 105 համակարգիչ է եղել, սակայն այսօր այդ թիվը հասել է 2500-ի: Կարևոր առաջընթաց է համարվել նաև համայնքապետարանների պաշտոնական կայքերի ստեղծումը, որտեղ հնարավորություն կա տեղադրելու հանրությանը հետաքրքրող յուրաքանչյուր փաստաթուղթ: Էլեկտրոնային ստորագրության համակարգի ներդրումը նույնպես կարևորվել է` որպես համայնքային գործունեությունը դյուրին, թափանցիկ ու արդյունավետ դարձնելու միջոց: Սակայն ընդգծվել է, որ այսօր էլ ոչ բոլոր համայնքապետարաններն են օգտվում այդ համակարգից: Չնայած անելիքները դեռ շատ են, այնուամենայնիվ, Գրիշա Խաչատրյանը փաստել է, որ ՏԻՄ- երի տեղեկատվայնացման առումով Հայաստանն առաջ է հարևան Վրաստանից ու Ադրբեջանից: Ինչ վերաբերում է հայեցակարգի ընդունմանը, ապա դա լուրջ հիմքեր կստեղծի Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգերի կատալերագործման համար, կնպաստի համայնքների համաչափ զագացմանը, ապակենտրոնացման գործընթացների խթանմանն ու ակտիվացմանը, ինչպես նաև համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը: Ներկաների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր` մասնավորապես կապված համատիրությունների տեղեկատվայնացման անհրաժեշտության, հանրության կողմից իր իրավունքների մասին իրազեկված լինելու մասին: ՀԽ անդամ Արշակ Սադոյանը կարևորել է ՏԻՄ-երի անցումը տեսաձայնային հեռախոսակապի միջոցների: Նա վստահ է, որ այսօրվա տեղեկատվական աննախադեպ զարգացման պայմաններում հնարավոր է էականորեն կրճատել համայնքային ծախսերը: |